2008թ․ հունվարի 14-ին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով գլխաշոր կրողների դեմ այն ճնշումներին, թե «գլխաշորն օգտագործում են որպես քաղաքական խորհրդանշան», հայտարարեց․ «Մտածե՛ք անգամ, որ որպես քաղաքական խորհդանշան է կրում։ Արդյո՞ք կարող եք որպես քաղաքական խորհդանշան կրելն ընդունել հանցագործություն։ Կարո՞ղ եք արգելք սահմանել խորհրդանշանների համար։ Ազատությունների կետում աշխարհում որտե՞ղ նման արգելք կա։ Այստեղ խնդիրն իրականում այլ է։ Մենք դա շատ լավ գիտենք»։ Նախագահ Աբդուլա Գյուլն օրեր անց հայտարարեց, որ համալսարանները պետք է լինեն վայրեր, որտեղ ազատորեն պետք է արտահայտվեն մտքերը, ազատ դավանվեն հավատները, չլինեն հարթակներ անհարկի գաղափարական քննարկումների համար։ Զուգահեռաբար ընդդիմադիր դաշտից, օրինակ, քեմալական «Ժողովրդահնարապետական» կուսակցության անդամ, պատգամավոր Ջանան Արթմանը, դիմելով գլխաշոր կրող կանանց, ասում էր․ «Նետե՛ք ձեր գլխաշորերը, ազատագրվե՛ք։ Եկե՛ք ազատվենք թյուրբանի գերությունից, տղամարդկանց իշխանությունից։ Եկե՛ք թույլ չտանք, որ մեր հաշվին քաղաքականություն իրականացնեն և նրանց ասենք՝ բավական է արդեն»։
Չնայած 2007թ․ ԲԿԽ ղեկավար կազմի փոփոխության արդյունքում գլխաշոր կրող ուսանողներին թույլ էր տրվել գնալ համալսարան՝ միայն 2013թ․ վարչապետ Թայիփ Էրդողանի հրապարակած «Ժողովրդավարացման փաթեթով» փոխվեց «Հանրային հաստատություններում և կառույցներում աշխատող աշխատակազմի հագուստի մասին կանոնակարգի» 5-րդ կետը։ Այդպիսով պետական հաստատություններում նույնպես թույլ տրվեց գլխաշոր կրելը։ 2013 թ․ հոկտեմբերի 31-ին մեջլիսում ևս գլխաշորի կրումն ինքնաբերաբար «ազատականացվեց»․ Հաջից վերադառնալիս գլխաշոր կրելու որոշում կայացրած ԱԶԿ-ական 4 պատգամավորներ գլխաշորով մասնակցեցին խորհրդարանի նիստին...
Ադրբեջանում հիջաբի շուրջ զարգացումների համատեքստում Թուրքիայի պատմությունից դրվագներ.
🧕Թուրքիայում հաճախ կրոնականից առավել շատ որպես քաղաքական և գաղափարական սիմվոլ դիտարկվող գլխաշորի (թուրք․՝ başörtü, türban) արգելքը թուրքական քաղաքական և հանրային դաշտում ամենաշատ քննարկված խնդիրներից մեկն է։ Հարցի շուրջ առկա են երկու հակադիր տեսակետներ․ Եթե Քեմալ Աթաթյուրքի ժառանգության պաշտպանները պնդում են, որ պետական հաստատություններում, բուհերում գլխաշորի կրումը հակասում է քեմալիզմի առանցքային սկզբունքին՝ աշխարհիկությանը (լաիցիզմ), և հետադիմական է, իսլամականները պնդում են, որ դա յուրաքաչյուր անհատի անձնական որոշումն ու իրավունքն է։
1923թ․ նոյեմբերին հանրապետական Թուրքիայի հիմնադրմամբ Աթաթյուրքի կողմից գործադրված արևմտականացման և աշխարհիկացման, կամ, ինչպես հռետորաբանության և ապագաղութատիրական մտքի պրոֆեսոր Սալման Սայիդն է բնորոշում, արևմտականացմանն անհաժեշտ դիտարկված ապաիսլամականացման բարեփոխումներից հետո (Sayyid B. S., A Fundamental Fear: Eurocentrism and the Emergence of Islamism, Zed Books LTD, 1997, p. 68-69.) մինչև 1982թ․ այդ երկրի օրենսդրական դաշտում գլխաշոր կրելու վերաբերյալ որևէ արգելք սահմանված չի եղել։ Միևնույն ժամանակ, սակայն, պետական հաստատություններում գլխաշոր կրող աշխատակիցներ ևս չեն եղել։
1960թթ․ 2-րդ կեսին Թուրքիայի ողջ տարածքում ուրբանիզացիայի աճող տեմպերի, իսլամական շարժումների ակտիվացման հետ մեկտեղ ոչ միայն համալսարաններում սկսեցին նկատելի դառնալ գլխաշոր կրող ուսանողները, այլև նրանց թիվն օրեցօր սկսեց աճել։ Շատ չանցած՝ 1964թ․, Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետը գերազանցությամբ ավարտած Գյուլսեն Աթասևեն անունով մի ուսանողի, որը դասերին հաճախել էր գլխաշորով, թույլ չտրվեց ելույթ ունենալ կուրսի ավարտական միջոցառմանը։ Հաջորդ տարի իսլամական աշխարհայացք ունեցող թուրք գրող, լրագրող Շուլե Յուքսել Շենլերը, որը ամենուր ազատ գլխաշոր կրելու պայքարի առաջամարտիկներից էր, 9 ամիս ազատազրկման դատապարտվեց գլխաշորի մասին երկրի նախագահ Ջևդեթ Սունայի հայտարարությանը պատասխանելու համար։ Վերջինիս այն ընդգծմանը, թե «փողոցներում ծածկված կանանց առաջնորդները կտեսնեն իրենց պատիժը», Շենլերն արձագանքել էր՝ «Yeni istiklal» թերթում գրելով՝ «նախագահը պետք է ներողություն խնդրի Ալլահից և ազգից»։ Այս և նմանատիպ այլ իրադարձություններից հետո՝ 1982թ․ հուլիսի 16-ին գործածության դրվեց «Հանրային հաստատություններում և կառույցներում աշխատող աշխատակազմի հագուստի մասին կանոնակարգը»։ Դրանում նաև ընդգծվում էր, որ կին ծառայողները պետք է լինեն բաց գլխով։ Այդ տարի Թուրքիայի Բարձրագույն կրթության խորհուրդն (ԲԿԽ) առաջին անգամ արգելեց բուհերում գլխաշորի կրումը։ Որոշ համալսարաններում գլխաշորով ուսանողուհիներին թույլ չէին տալիս մտնել հաստատություն կամ նրանց նկատմամբ կիրառվում էին կարգապահական տույժեր։
Չնայած առաջացած հասարակական դիմադրության արդյունքում 1984թ․ մայիսի 10-ին ԲԿԽ-ն մեղմեց արգելքը և թույլատրեց համալսարաններում գլխաշորի կրումը՝ այն մի քանի անգամ նորից խստացվեց, իսկ հետո մեղմվեց։ 1997թ․ փետրվարի 28-ին տեղի ունեցած «հուշագրային» հեղաշրջումից՝ քաղաքականությանը բանակի հերթական միջամտությունից հետո Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը հետադիմականությունը (irtica) հռչակեց երկրի համար առաջնային սպառնալիք։ Այդուհետ կրթության նախարարությունը ևս մեկ անգամ վերահաստատեց բուհերում կրոնական հագուստ կրելու արգելքը։ Տեղի ունեցած բազմաթիվ պատժիչ գործողություններից, դրանց դեմ դիմադրության և բողոքի ակցիաներից հետո թեման նոր թափով սկսվեց քննարկվել, երբ 1999թ․ պատգամավոր Մերվե Քավաքչըն գլխաշորով մուտք գործեց խորհրդարանի գլխավոր դահլիճ։